Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
(Արև)
Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
(Կրիա)
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(Լուսին)
Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
(Երկինք)
Արծաթե սեղան,
Կոկ ու պսպղան,
Աղջիկն ու տղան
Վրան կսղան։
(Սահադաշտ)
Գլուխն՝ երկաթից,
Մարմինը՝ փայտից։
(Մուրճ)
Ունի երկու կլոր թև,
Երկու բերան ունի նա,
Ով սիրում է կարուձև,
Նրան իսկույն կիմանա։
(Մկրատ)
Շոր է կարում
Ողջ աշխարհքին,
Բայց շոր չունի
Նա իր հագին։
(Ասեղ)
Ունեմ երկու փայտե ձի,
Առանց պայտի ու սանձի,-
Այնտեղ են ինձ ման ածում,
Ուր նստել է առատ ձյուն։
(Դահուկներ)