Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ, 1 կրեդիտ։
Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։
- Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 19. Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
- Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը
- Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը
- Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
- Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիզորված մարմնի իրավասությունները
- Հոդված 38. Անցումային դրույթներ
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
Հոդված 3․ 12-րդ կետ՝ Մանկավարժական աշխատողը՝ սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից։
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ։
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
Հոդված 3․ 13-րդ կետ՝ ուսուցիչ՝ ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող։
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է։
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
Եվ վարչական և մանկավարժական աշխատողներ են։
- Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։
Հոդված 25-ում ներկայացվում են այն կետերը, ե՞րբ և ի՞նչ պայմանների դեպքում վարչական աշխատողը կարող է դասավանդել։ Օրենքում առանձնացված կետ չկար, որ վարչական աշխատողը կարող է լինել ուսուցիչ։
Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։
Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։
Առաջադրանք
- Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։
Հոդված 19: Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են
- Սովորողը
- Սովորողի ծնողը
- Ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ
- Վարչական աշխատողներ
- Խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
Իմ ցանկում չէի ներառել 5-րդ կետը, որը պայմանավորված է այդ կետին բավարարող աշխատողների անաշխատունակությունից։ Իրենց աշխատանքը ինձ տեսանելի չէ, այդ պատճառով իրենք ներառված չէին իմ ցուցակում։
Հարցարան՝ ինքնաստուգման համար։
- ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
Ուսումնական հաստատություններում վարչական աշխատողներ են՝ տնօրենը, փոխտնօրենը, գրասենյակի ղեկավարը․․․
- ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»
Ուսումնական հաստատություններում մանկավարժական այլ աշխատողներ են՝ հոգեբանը, սոց․ աշխատողը, երկարացված օրվա կազմակերպիչը, ուսուցչի օգնականը
- օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։
Խոհարարը, բժիշկը, այգեպանը և այլ
Սովորողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
Սովորողի իրավունքները․
- Ստանալու ուսուցչի կողմից նախապես հրապարակված ուսումնական ծրագրին համապատասխան գիտելիք
- Ներկա գտնվել ուսումնական դասերին, իսկ բացակայության դեպքում համապատասխան կարգով տեղեկացնել դասվարին (կազմակերպիչին)։
- Ազատ արտահայտել իր մտքերը։
- Իրավունք ունի անվճար կրթություն ստանալ, այն երկրում, որտեղ ապրում է
- մասնակցելու ճամփորդություններին
- ազատ հագուստ ընտրելու
Սովորողի պարտականությունները՝
- ճիշտ ժամանակին ներկայանալ դասերին:
- մասնակցել ուսումնական պարապմունքներին
- հարգալից լինել իր ուսուցչների և դասընկերների նկատմամբ
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Հոդված 20։ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները։
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Ես կառանձնացնեմ այն կետը, սովորողը իրավունք ունի ընտրելու ազատ հագուստ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր սովորող պետք է դպրոց հաճախի իրեն հարմարավետ հագուստով։ (իհարկե որոշ սահմանափակումներով)
Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
Մանկավարժական աշխատողը իրավունք ունի․
- Ընտրելու այն ուսումնական հատվածը, որտեղ ցանկանում է անցկացնել դասապրոցեսը
- վճարվելու իր կատարած աշխատանքի դիմաց
- ուումնական ծրագրում ներկայացնելու իր հեղինակային-այլընտրանքային դասընթացը, պահպանելով համապատասխան չափորոշիչները
- մասնակցելու մանկավարժական ժողովներին և ներկայացնելու սեփական տեսակետ
- առողջական խնդիրների պատճառով բացակայելու, ներկայացնելով բժշկի թույլատվություն
- գնալ մայրական խնամքի (2 տարի վճարվող, 1տարի իր ոչ վճարվող)
- օգտվելու իրեն հասանելի անվճար բժշկական օգնություններից
Մանկավարժական աշխատողը պարտավոր է․
- տրամադրել ուսումնական ծրագրին համապատասխան գիտելիք
- հարգալից վերաբերմունք ունենալ, թե երեխայի, թե ծնողի նկատմամբ
- ծնողին նախապես իրազեկելու երեխայի առաջադիմության և պասիվության մասին
- ինքնակրթվել
- ժամանակին անցնել բժշկական զննումները և դպրոցին ներկայացնել համապատասխան փաստաթղթերը
- ճիշտ ժամանակին ներկայանալ և ճիշտ ժամանակին ավարտել դասապրոցեսը
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.
9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
Սովորողի ծնողը իրավունք ունի․
- ընտրելու այն ուսումնական հաստատությունը, որտեղ ցանկանում է սովորել իր երեխան
- տեղեկանալու իր երեխայի առաջադիմության մասին
- հանդիպելու ուսուցիչների հետ, ծնողական հանդիպուներից զատ
- պահանջելու հարգալից վերաբերմունք իր և իր երեխայի նկատմամբ
- մասնակցելու դպրոցի կազմակերպչական գործընթացին
Սովորողի ծնողը պարտավոր է․
- երեխայի ժամանումը դպրոց ճիշտ ժամանակին ապահովելու
- երեխայի բացակայության դեպքում տեղեկացնել դասվարին (կազմակերպիչին)
- համագործակցել ուսուցչի հետ և հետևել երեխայի ուսումնական գործընթացին չխոչընդոտելով այն
- տանը ապահովել համապատասխան պայմաններ երեխայի կրթությունը իրականացնելու համար
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Հոդված 28. Սովորողի ծնողը իրավունք ունի․
1. Սովորողի ծնողն իրավունք ունի`
1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.
2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.
2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.
3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սովորողի ծնողը պարտավոր է`
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Երեխայի բացակայության դեպքում տեղեկացնել դասվարին (կազմակերպիչին) Ուսուցիչը պետք է նախապես տեղեկացված լինի երեխայի բացակայության մասին, հակառակ դեքում երեխայի անհիմն բացակայությունը կհամարվի անհարգելի։ Անհարգելի բացակայությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։
Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։
Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետ
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները)
Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդված
1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: (3-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող պահանջներ , իսկ 6-րդ հոդվածում՝ շրջանավարտներին ներկայացվող պահանջներ)։
2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:
5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:
Չափորոշիչի բաժինները
Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX
Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։
Չափորոշիչների II բաժին
Ծանոթացա միջնակարգ կրթության կարողունակություններին, որը ինձ համար նորություն էր։ Կարևորեցի թվային և մեդիա կարողությունների մասին ներկայացվող կետը։
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
Չհասկացա «Արժեքային բաղադրիչ» արտահայտությունը ինչու էր ներկայացված։ Բաժիին VI․ Հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակությունը հասկանալի էր։
Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII
Այստեղ նորություն ինձ համար չկար։ Կառանձնացնեմ 47-րդ կետը․ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX
Այստեղ նորություն ինձ համար չկար։
Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։
Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,
- Վերապատրաստվել 5 տարին մեկ անգամ: Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
- ՈՒսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով:
- Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
- Ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում:
- ՈՒսումնական հաստատությունը վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
- Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: ՈՒսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը:
- ՈՒսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
- Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:
- Բողոքարկելու իրավունք ունի:
Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,
- Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման
- Ուսուցչի ցուցաբերած արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար
- Հանձնաժողովի որոշումը կարող է բ ողոքարկել
- Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
- Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:
- Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:
Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։
Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.
- 1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո
- 2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո
- 3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո:Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է օրենքով սահմանված կարգերով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:
Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
- դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։
Չի կարող մասնակցել, որովհետև տնօրենը չի համարվում ուսուցիչ և զբաղեցնում է տնօրենի հաստիքը։
- դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։
Ոչ
- դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։
Ոչ
Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։
Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։
Ծանոթացել եմ
Մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկ՝
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակա
- Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչակաաշխատանքների կազմակերպիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
- Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
- Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
- Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
- Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ
Մասնակիցը բերված առաջադրանքներից և հարցերի պատասխաններից տեղադրում է իր բլոգում։ Տեղադրված 6 նյութը բավական է 1 կրեդիտը ստանալու համար։
Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները
Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները:
Կազմեց Գևորգ Հակոբյանը
Առաջադրանքները կատարեց՝ Անի Միրզոյանը