Օգոստոսի 24-ին, շաբաթ օրը մենք բարձրացանք Արագածի Հարավային գագաթը։
Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ։
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)
Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին գետակների ու ջրվեժների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնվում է Քասաղի վտակ Գեղարոտը։
Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածության վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ, Կարմրաթառ, Դաշտաքար և այլն)։